Ոչ վատ լուր ունենք: Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի առումով որոշակի նահանջ էր արձանագրել, 2023-ին այդ հետընթացը հնարավոր է եղել կանգնեցնել, դեռ ավելին՝ մի փոքր էլ առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Transparency international կազակերպության հրապարակած զեկույցին:
«Չնայած ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշրջանի շատ երկրներ, որոնք դիմակայում են անվտանգության սպառնալիքներին, ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելու դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»,- զեկույցից մեջ բերեց Փաշինյանը և նշեց, որ սա շատ օբյեկտիվ է, և նշանակում է, որ նախորդ շրջանում Հայաստանը, մարտահրավերներին առերեսվելով, կոնտեքստ է ձևավորել, որ սա ամենակարևոր հարցը չէ, և պետք է զբաղվենք անվտանգային և այլ հարցերով:
«Այսօր շատ երկրներ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները, և դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020, 2021, 2022, 2023 թվականներին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել, և կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք և այս ճանապարհով պետք է գնանք»,- ասաց նա և հավելեց, որ հակակոռուպցիոն քաղաքականության մասով Կառավարության կամքը 2018-ի մայիսից ի վեր ոչ մի միլիմետրով չի նվազել, հակառակը ավելացել է:
Անդրադառնալով թեմային՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը արձանագրեց, որ տարին ամբողջ աշխարհում անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի առումով, և այն 1 միավորը, որը գրանցել է Հայաստանը, պետք է գնահատել:
«Այս 1 միավորի արժեքը մենք պետք է գնահատենք, քանի որ Իռլանդիան և Իսլանդիան -3 միավոր են [գրանցել], մեր հարևան Վրաստանը նույնպես -3 միավոր է [գրանցել]: Ոչ թե ուրախանանք հարևանների դժվարություններով, այլ մեր 1 միավորը շատ գնահատենք»,- ասաց նախարարը: