2024 թվականի պետբյուջեից համաֆնանսավորման նպատակով առաջարկվում է մարզպետների աշխատակազմերին 3 միլիարդ 151 միլիոն դրամ գումար հատկացնել 34 համայնքի 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության փետրվարի 1-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի՝ ծրագրերից 2-ը սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022-ին, 31-ը՝ 2023 թվականին:
Ըստ մարզերի բաշխավածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 453 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 6 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ, Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ:
«Այս ծրագրերն իրականում 2023-ին հիմնականում ավարտվել էին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք կատարել վճարումը: Սա 2023 թվականի չափաբաժնի մեջ է: 2023-ին համաֆինանսավորել ենք ռեկորդային մեծ չափով՝ 30 միլիարդ 300 միլիոն, և 3 միլիարդ 151 միլիոն էլ այսօր ենք ֆինանսավորում»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին թվարկեց, թե որ ծրագրերն են ֆինանսավորվում այս որոշմամբ: Վերոնշյալ մարզերում կատարվել են ասֆալտապատման, մայթերի նորոգման, գազիֆիկացման, ջրագծի անցկացման, ֆոտովոլտային կայանի կառուցման, ինչպես նաև գյուղտեխնիկայի և մանկապարտեզի համար գույքի ձեռքբերման աշխատանքներ:
Փաշինյանը նշեց, որ աշխատանքի ծավալները մեծ են, բայց եթե հանկարծ պարզվի, որ կատարված աշխատանքների հետ կապված խնդիրներ կան, խնդիր կառաջանա. «Այն, որ ես ասում եմ «որակ», նկատի չունեմ այն որակը, որն աշխարհում կա: Ես ասում եմ այն որակը, որն օբյեկտիվորեն կարող է մեզ հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, անզեն աչքով նկատելի է: Նախ պետք է արձանագրենք, որ այն ճանապարհը, որն ընդունված է, և այդտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեց, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ և համեմատությամբ»: