Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կստեղծվի «Սմարթլաբ» կենտրոն, որն իրականացվում է «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ, որի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին, և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում:
ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է առկա լաբորատոր բազայի համալրում միջառարկայական կիրառություն ունեցող նորագույն փորձասարքերով, որը միտված է ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման համապատասխան կրթական ծրագրերի դասավանդման-ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը, խելացի լուծումների կիրառմանը և բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, շինությունների տեղեկատվական մոդելավորման մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում, ուսումնամեթոդական նյութերի մշակում և տպագրում և այլն:
Այցի ընթացքում ԿԳՄՍՆ-ի, ԿԾԿ ԾԻԳ-ի և բուհի ներկայացուցիչները քննարկել են դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները եղել են բուհում առանձնացված ‹‹Սմարթլաբ» լաբորատորիայի տարածքում։ Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ իրականացվում են համակարգչային տեխնիկայի և լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացները, մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները:
«Կիրառելով BIM տեխնոլոգիաները՝ կստեղծվեն խելացի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել շենքի կամ ենթակառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման ողջ ցիկլի ընթացքում, որը սկսվում է խելացի 3D մոդելի ստեղծումից և ապահովում է փաստաթղթերի կառավարում, համակարգում և մոդելավորում նախագծի ողջ ընթացքում: Այս մոտեցումը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար իրականացնել նոր գիտահետազոտական մշակումներ»,- նշել է ծրագրի համակարգողը: