Ղազախստանն այն մահմեդական երկրներից է, որտեղ արգելում են հիջաբ կամ գլխաշոր կրել դպրոցներում: Սահմանափակումները մտցվել են դեռևս 2016 թվականին, սակայն դրա շուրջ վեճերը չեն մարում, և որոշ հավատացյալ ծնողներ փորձում են պաշտպանել իրենց երեխաների կրթության սահմանադրական իրավունքը, գրում է BBC-ն։
Դպրոցական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար ծնողները ենթարկվում են պատասխանատվության՝ նախազգուշացումների, երբեմն էլ տուգանքների՝ հիմնված կրթության նախարարության 2016 թ. հրամանի վրա, որում, մասնավորապես, ասվում է, որ «դպրոցական համազգեստում չի թույլատրվում ներառել տարբեր դավանանքների կրոնական հագուստի տարրեր»։
Համաձայն այդ օրենքի՝ հանրապետության տարբեր շրջաններում դպրոցների տնօրենները ծնողների նկատմամբ ճնշումներ են կիրառում, նույնիսկ պատիժներ սահմանում, եթե նրանց երեխաները դպրոց են հաճախում հիջաբով կամ գլխաշորով:
«Պետք է միշտ հիշել, որ դպրոցն առաջին հերթին կրթական հաստատություն է, որտեղ երեխաները գալիս են գիտելիք ստանալու: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ երեխան իր ընտրությունը կատարի, երբ արդեն մեծանա, և նրա մոտ ձևավորվի սեփական աշխարհայացքը»,- ասել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2023 թվականի հոկտեմբերին:
Ղազախստանը Սահմանադրությամբ աշխարհիկ երկիր է, որի ղեկավարությունը մի կողմից ցույց է տալիս իր հավատարմությունն իսլամին, մյուս կողմից՝ դեռ պատրաստ չէ թուլացնել կրոնի նկատմամբ վերահսկողությունը, որը պահպանվել է խորհրդային ժամանակներից:
Նույն արգելքները կիրառում են նաև նախկին ԽՍՀՄ ևս երկու երկիր՝ Ուզբեկստանը և Տաջիկստանը, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են: