ՀՀ-ն հիմնելուց ի վեր՝ իր փաստաթղթերի մեջ ունեցել է և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և հաշվի առնելով բոլոր իրադարձությունները: Այդ մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում և ինչ նպատակներ է հետապնդում, ինչի համար է ՀՀ-ի գոյությունը: Արդյոք այդ գոյությունը նրա համա՞ր է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև ընդգծեց, որ այդ հարցերի պատասխանները պետք է տալ, և որ դրանց պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ, դրա հետևանքով միանշանակ արտացոլված չեն ՀՀ օրենսդրության մեջ:
«Չի կարող ՀՀ-ն լինել ամորֆ բան, որևիցե մեկը չի կարող այդ հարցում մեզ հետ վիճել: Չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը ու վերջանում,- ասաց Ալեն Սիմոնյանը, ապա հավելեց.- Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք անկախացել ենք 1991 թվականին կոնկրետ սահմաններով, և որի քաղաքացին ենք մենք բոլորս, և դա պետք է հասկանալի լինի և արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»:
Անդրադառնալով հարցին՝ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահա՞նջն է կամ կապ ունի՞ բանակցությունների հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ձեզ կոչ եմ անում և մի պնդում եմ ուզում անել, որ այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք ՀՀ պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացե՛ք, որ նույն հարցը բարձրացվում է ՀՀ-ի կողմից: Ադրբեջանի Սահմանադրությունում, Ադրբեջանի իրավական ակտերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն:
Եվ, կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որը ՀՀ-ն իրականացնում է, արվում է հայելային: Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ ՀՀ-ին»,- ասաց Ալեն Սիմոնյանը: