Եգիպտա-իսրայելական հարաբերությունները վատթարացման վտանգի տակ են, քանի որ հրեական պետությունը մտադիր է գրավել Ռաֆահ անցակետը՝ զորքեր տեղակայելով Եգիպտոսն ու Գազայի հատվածը բաժանող Ֆիլադելֆիայի միջանցքի երկայնքով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Եգիպտոսի հետ սահմանին իսրայելական զորքի տեղակայման հնարավորությունը «տագնապ է առաջացրել Կահիրեում»։ Երկրի իշխանություններն արդեն «դիտարկում են պատասխան գործողությունների տարբերակները Իսրայելի կողմից սահմանային գոտին գրավելու դեպքում»։
Կահիրեն մտավախություն ունի, որ իսրայելական զորքը «կարող է դառնալ թիրախ» պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման համար, ինչը, հավանաբար, վնասների կհանգեցնի Եգիպտոսի տարածքում:
The Washington Post-ը հիշեցնում է, որ հրեական պետության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն 2023 թվականի դեկտեմբերին ասել էր, որ Իսրայելը պետք է վերահսկի Գազայի հարավային սահմանի անցակետը։ «Ֆիլադելֆիայի միջանցքը պետք է մերը լինի, իսկ հարավային անցակետը՝ փակվի»,- վարչապետի խոսքն է մեջբերել պարբերականը։