Հունվարի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ և չինացի հնագույն ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմոլորտ համագործակցությունը:
Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա գործունեության ընթացքում։
Հունվարի 29-ին Վահե Գևորգյանը ՉԺՀ ԱԳՆ-ում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել ՉԺՀ ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Հուն Լեյին»,- ասված է հաղորդագրության մեջ: