Ինչպես արդեն իսկ հայտնվել էր, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխության ուժով՝ 2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն ամբողջությամբ վարվելու են էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, https://cabinet.armlex.am ինտերնետային կայքի հասցեով գործարկված էլեկտրոնային համակարգի միջոցով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից:
Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ նոր քաղաքացիական գործերով դատարան ներկայացվող բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:
Այդպիսի փաստաթղթեր են, օրինակ՝ հայցադիմումը, դիմումը, բողոքը, պատասխանը, դիրքորոշումը, միջնորդությունը և այլն: Ինչ վերաբերում է վերոնշյալ և այլ դատավարական փաստաթղթերին կցվող փաստաթղթերին, ապա դրանք նույնպես ներկայացվում են համակարգի միջոցով՝ սքանավորված տարբերակով, իսկ եթե կցվող փաստաթուղթը էլեկտրոնային է, ապա այն ներկայացվում է առանց սքանավորման:
Նշված կարգով չղեկավարվելու պարագայում՝ ներկայացված փաստաթղթերը կհամարվեն սահմանված պահանջներին չհամապատասխանող և վերադարձման ենթակա: