Նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտաքին առևտուրը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Նպատակ ունենալով խթանելու հումքի փոխարեն առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով արդեն իսկ արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը:
Լիցենզավորվող գործունեություն է սահմանվել սև և գունավոր մի շարք մետաղների արտահանումը՝ սահմանելով պետական տուրք»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ նշված կարգավորումները նպաստել են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք արտահանելու համար:
Կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված ապրանքների արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով, սահմանել պետական տուրք ոսկու և պլատինի ձուլակտորների, ինչպես նաև պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար:
Ըստ Վահան Քերոբյանի՝ առաջարկվող կարգավորումներն առավել արդյունավետ կդարձնեն թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը` զարգացնելով պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը և արտահանումը:
Զեկուցողը փաստել է, որ Կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2022-2023 թվականներին կատարվել են խոշոր ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ: Նախարարի խոսքով վերջին տարիներին կտրուկ ավելացել են ոսկու արտահանման ծավալները:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է՝ գործադիրում քննարկվում է միջազգային առևտրով զբաղվել ցանկացող ընկերությունների համար պատշաճ միջավայր ստեղծելու հարցը:
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն: