ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն նախատեսող օրինագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների (սև և գունավոր մետաղների ու դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը, ստեղծել ավելի երկար արտադրական շղթաներ, խթանել սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը տեղում: Առաջարկվում է բարենպաստ պայմաններ ստեղծել՝ արտերկրից ներմուծումը կրճատելու և ավելի բարձր ավելացված արժեքով տեղական արտադրանքներ արտադրելու ու արտահանելու համար: Գործադիրն առաջարկում է պետական տուրք մտցնել որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ միջանկյալ ապրանքների արտահանման համար: Կարգավորումը վերաբերում է մետաղյա կիսապատրաստվածքներին, ալյումինի, սև մետաղի, ալյումինի և այլ գունավոր մետաղների կիսապատրաստվածքներին:
Նախարարը հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է ոլորտում Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, ներդրումային քաղաքականությունը, աջակցության մեխանիզմները:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել, նաև ոլորտում գործող ընկերությունների հետ: Պատգամավորի խոսքով այդ 6 ընկերությունները եւս բարձրաձայնում են, որ այս օրենքի ընդունումից հետո խնդիրներ կունենան: «Մի մասը ներդրումներ է արել վարկային միջոցներով, որոշակի ժամանակահատված են ունեցել իրենց ֆինանսական պլանավորումը հասկանալու համար: Հասկանում եմ, որ դուք ուզում եք շահագրգռել կոշտ մեխանիզմներով, որ գնան ավելի խորը արտադրություններ հիմնելու ճանապարհով, իրենք էլ նման ծրագրեր ունեն, բայց պետք է այնպես անել, որ իրենք այդ հնարավորությունը կարողանան իրացնել»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի փոխնախագահը ու նշել խնդիրների լուծման մի քանի տարբերակ, այդ թվում՝ «քեշբեքի» որոշակի մեխանիզմի կիրառումը:
«Դուք խոսեցիք աջակցության մեխանիզմների մասին, բայց հիմա տուրքն այնքան է բարձրանում փաստացի, որ այդ մարդը որքան էլ սուբսիդավորվող վարկ ստանա, չի կարողանա այդ ապրանքը արտահանել, մրցունակ չի լինելու, ոտքի կանգնելու համար իրեն որոշակի ժամանակահատված է պետք»,- նշել է Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով՝ պետք է կարգավորում, որը ոչ միայն միտված լինի արտադրական շղթաների խորացմանը, այլև չխանգարի մրցակցային միջավայրին ու շուկայից մի քանի ընկերությունների դուրս չմղի: Ըստ պատգամավորի՝ այս վիճակով, սակայն, նախագիծն այդ ռիսկը դեռ շարունակում է պարունակել: Ռիսկերը հաշվի առնելով՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է առաջարկել է փոխել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը և մինչ ուժի մեջ մտնելը, դետալային քննարկել խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տուրքը ուժի մեջ մտցնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի մեկը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: