Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին և «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Ծովինար Սողոմոնյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնայներ:
Լոռու մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արտակ Ջումայանը ներկայացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Դսեղ համայնքում իրականացված Դսեղի առողջության նոր կենտրոնի կառուցման պիլոտային ծրագրի ընթացքը:
Փոխնախարարը նշել է, որ շենքն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: 450 քմ մակերեսով առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։ Այստեղ կմատուցվեն հիվանդությունների վաղ հայտնաբերման, սքրինինգային և ատամնաբուժական ծառայություններ։ Բացի այդ, կկազմակերպվեն մոտակա համայնքներից տարբեր մասնագետների այցեր առողջության կենտրոն՝ հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշման և բուժման նպատակով։
Արտակ Ջումայանը նաև նշել է, որ այս պիլոտային ծրագիրը հաջողելու դեպքում նախատեսում են ուսանելի փորձը կիրառել նաև այլ համայնքներում: Ծրագրի հետ կապված մանրամասներ է ներկայացրել նաև Ծովինար Սողոմոնյանը:
Ընդհանուր առմամբ քննարկվել են գույքը պետության տնօրինմանը հանձնելուն ուղղված անհրաժեշտ իրավական գործընթացները:
Ողջունելով նման կարևոր ծրագիրը Լոռու մարզում իրականացնելու նախաձեռնությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանը նշել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը և Թումանյան խոշորացված համայնքն իրենց իրավասությունների սահմաններում օպտիմալ ժամկետներում կիրականացնեն համապատասխան քայլեր՝ գործընթացն արագ կազմակերպելու նպատակով, որպեսզի օր առաջ Դսեղի առողջության կենտրոնի նոր մասնաշենքը կարողանա ծառայել համայնքի բնակչությանը՝ մատուցելով որակյալ բուժսպասարկում:
Փոխնախարարը և մարզի ղեկավարը քննարկել են նաև առողջապահության բնագավառում՝ մասնավորապես համաբուժարանային և ամբուլատոր ծառայությունների մատուցման ոլորտում, իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը և կոռուպցիոն դրսևորումների բացառմանը: