ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տասնյակ դոնորների հետ: ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության աշխատակիցների մի մասը կասկածվում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակման և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կապեր ունենալու համար: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, այնուհետև նաև Ճապոնիան և Ավստրիան դադարեցրել են հատկացումները գործակալությանը։ Կառույցից հայտնել են, որ չափազանց մտահոգված են այդ կապակցությամբ, և որ «Գազայում հումանիտար կարիքներն աճում են ժամ առ ժամ»։
Գուտերեշը դիմել է ֆինանսավորումը դադարեցրած երկրներին՝ կոչ անելով վերանայել որոշումը: ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն էլ հայտարարել է, որ Իսրայելը ՄԱԿ-ին դեռ չի փոխանցել հետաքննության մանրամասները: Գազայի հատվածում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունն ունի 13000 աշխատակից, որոնք ղեկավարում են անկլավի դպրոցները, առաջնային բուժօգնության կլինիկաները և սոցիալական այլ ծառայություններ, ինչպես նաև զբաղվում են մարդասիրական օգնության բաշխմամբ: Աշխատակիցների մոտ 10%-ը, ըստ իսրայելական կողմի, կապեր ունի ՀԱՄԱՍ-ի կամ «Իսլամական ջիհադի» հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: