Չեխիայի Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ, և մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին: Այդ մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
«Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ՝ ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա»,- ասաց նա:
«Մենք հիմա աշխատում ենք մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա, և պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: Իմ պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք»,- նշեց Մարկետա Պեկարովա Ադամովան:
Նա ընդգծեց, որ համագործակցությունը ներառում է մշակութային և կրթական կապեր. «Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, և հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր. միշտ դռները բաց են»,- ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահը: