Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր, և դրա հետ կապված նույնպես՝ մենք քննարկումներ ունեցանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խոսնակը նաև հիշեցրեց, որ Մարկետա Պեկարովա Ադամովայի առաջին այցը չէ Հայաստան:
«Նա այստեղ տարիներ առաջ եղել է և նույնպես արձանագրում է մեծ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել»,- ասաց նա
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառությանը, ինչպես նաև տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր: