Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել. 55 ու 59-ամյա երկու օշականցի և Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ:
Նույն օրը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում օշականցի տղամարդիկ ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։
Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին հեղուկ զանգվածով պլաստմասսայե տարա և ծալովի դանակ։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մեթադոն է՝ անձնական օգտագործման համար:
Պարզվեց, որ մեթադոնը նրան իրացրել էր Այգեշատի 57-ամյա բնակիչը, որը նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Տղամարդիկ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվեցին քննչական բաժին։ Օշականցի 59-ամյա և այգեշատցի 57-ամյա տղամարդիկ տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն կատարվեց այգեշատցու տանը և կից օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 28 գրամ կանեփանման զանգված:
Հանգամանքները պարզվում են։