ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորմանը ներգրավված բանակցողների, մասնավորապես՝ Իսրայելի, Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների շրջանում լուրջ համաձայնություն կա: Նա շեշտել է՝ Գազայի հատվածում պահվող գերիները պետք է ազատ արձակվեն:
Բլինքենը նաև ողջունել է այն փաստը, որ Անկարան օրերս հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը: Պետքարտուղարը կոչ է արել նույնն անել նաև Հունգարիային, որը միակ երկիրն է, որ հավանություն չի տվել եվրատլանտյան դաշինքին միանալու՝ Ստոկհոլմի հայտին:
«ՆԱՏՕ-ի դռները բաց են, այդ թվում՝ Ուկրաինայի համար, որը կդառնա Դաշինքի անդամ։ Պուտինը ցանկանում էր սահմանափակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, բայց հակառակը ստացավ»,- հավելել է Բլինքենը:
Նա կոչ է արել Կոնգրեսին՝ հաստատել Կիևին լրացուցիչ աջակցության փաթեթը՝ մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում Ուկրաինայի առաջընթացը հարցականի տակ կլինի:
«Ռազմական օգնության բացակայության հետևանքներն արդեն երևում են մարտի դաշտում»,- շեշտել է Բլինքենը: