ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու հեռանկարներ ունի:
Դեսպան Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Դեսպանը, մասնավորապես, կարևորել է կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և երկկողմ կապերի զարգացումը:
Ներկայացնելով ՀՀ-ում ընթացող բարեփոխումները՝ նախարարը շեշտել է բուհերի միջազգայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կարևորել միջբուհական համատեղ հետազոտական նախագծերը:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում ներդրված կրթական ծրագիրը ղազախերեն ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում: Նա կարևորել է, որ Ղազախստանում նույնպես ներդրվի հայերենի ուսուցման բուհական ծրագիր: «Կարծում եմ՝ դա երկու բուհերի միջև համագործակցության հրաշալի առիթ կլինի, որի շրջանակում հնարավոր կլինի նաև կազմակերպել ուսանողների, ինչպես նաև դասախոսների փորձի փոխանակման ծրագրեր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կողմերը կարևորել են նաև սպորտի, երիտասարդության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Ժաննա Անդրեասյանին նվիրել է 2023 թ. նոյեմբերին հայերենով լույս տեսած «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գիրքը: