Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:
Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է Ակադեմիական քաղաքի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի, և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:
Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:
Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: