Նախաձեռնությամբ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ և ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթական ծրագրերն էլ տարբերակվում են ըստ մակարդակների: Ներկայացնելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Զեկուցողը կարևորել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումը:
«Սա նաև արվում է վերջին տարիներին փորձարկվող դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության այլ ձևերի փորձի վրա»,- ընդգծել է նախարարը: Նա փաստել է, որ ամբողջությամբ փոխվում են մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշվել է, որ սոցիալական գործընկերության միջոցով էապես բարելավվելու է կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելը: Փոխվում է համակարգում հաստատությունների կառավարման ընթացքը. խոսքը վերաբերում է կառավարման խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության մեխանիզմներին: Նախաձեռնությամբ փոխվում է նաև լիցենզավորման գործընթացը. այն կիրականացվի երկու մակարդակով` ոլորտում գործունեություն ծավալելու և առանձին կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մեծ փոփոխություններ են նախատեսվում ֆինանսավորման համակարգում: «Մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մոդելով պետք է փորձենք մրցակցային և բարձրորակ կրթություն իրականացնել»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նրա` ներդրվում են վարչական, մանկավարժական աշխատակազմերի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության և առաջխաղացման մեխանիզմներ:
Նախարարը կարևորել է ուսանողների իրավունքների և պարտականությունների կարգավորումները, ներդրվող կրթաթոշակային քաղաքականությունը:
Արդյունավետ համարելով նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները` նախարարը նշել է, որ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը լրամշակելու ընթացքում:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են օրենքում մի շարք հասկացությունների խմբագրմանը, նպատակային ուսուցման համակարգին, շուկայի ուսումնասիրությանն ու տնտեսական կարիքների գնահատմանը, ՄԿՈՒ-ների ժամկետներին, արտաքին գնահատման իրականացմանը, անժամկետ տրամադրվող լիցենզիաներին և այլն:
Ըստ զեկուցողի` նպատակային ուսուցման հարցում ամենակարևոր երաշխիքներից են ճիշտ պլանավորումն ու կանխատեսումը: Նշվել է, որ ոլորտի բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում և ընդունվում են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի կողմից. վերջինիս կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: