2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Օրենսդիրը նաև արձանագրել էր, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրա կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակում: Այս մասին ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 30-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Արթուր Հովհաննիսյանը:
Նախաձեռնության հեղինակները հատկապես կարևոր են համարել կանխարգելել և արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունը և տեխնոլոգիաները: «Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը և քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը հասարակության մեջ, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասել է զեկուցողը՝ մանրամասնելով, որ հաճախ անչափահասները քրեական ենթամշակույթ կրող անձանց կերպարները կրկնօրինակելու ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց վրա:
Առաջարկվում է սահմանել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
Պատգամավորներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարևորել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների հեռարձակման կանխարգելումը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ, որոնք հեղինակները կքննարկեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հարակից ելույթում պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ նախաձեռնության կարիքը վաղուց էր հասունացել: Նա կարևորել է նախագծի ընդունումը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավոր բոլոր միջավայրերում և հարթություններում կանխարգելենք և արգելենք քրեական ենթամշակույթի որևէ դրսևորում և տարածում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քրեական մշակույթը, ըստ էության, պետության հիմքերը խարխլող երևույթ է, այն հատուկ է հիմնականում հետխորհրդային երկրներին: Հայաստանի Հանրապետությունը վերջապես պետք է ձերբազատվի պախարակելի, պետությունը քայքայող, պետության հետ կապ չունեցող երևույթներից: Անգամ եթե այդ քայլերն ունեն քաղաքական մեսիջի նպատակ, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ չի կարելի հանրային մուլտիպլեքսով «գողական» ֆիլմեր ցույց տալ, հանցագործ աշխարհի մասին ռոմանտիզացված հաղորդումներ նկարել և այդպես շարունակ»,- ամփոփելով քննարկումը՝ շեշտել է Արթուր Հովհաննիսյանը:
Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Լրամշակման նպատակով մինչև երկու ամսով հետաձգվել է ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: