Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան վաղը կայցելի Հայաստան։ Հայաստանում Չեխիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ աա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։
Ըստ գրառման՝ Ադամովան քննարկումներ կունենա Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
«Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նա կմասնակցի չեխ-հայկական գործարարների համաժողովին և կհայտարարի չեխական դղյակների և ամրոցների մասին ցուցահանդեսի բացումը։
Նախագահը կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ»,- ասված է գրառման մեջ։