Աշոտ Ահարոնյանն ազատվել է ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ահարոնյանը:
«Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում:
Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հասկացել են լրատվության արժեքը, ուժեղացրել մեր վարչությունը տեխնիկական աջակցությամբ, թիկունք եղել՝ մեր գործի ըմբռնումով, հարկ եղած դեպքում՝ դրվատանքով, նաև ադեկվատ քննադատությամբ, որ շատ կարևոր է, եթե աշխատանքդ կյանքի գործ է, որն ուզում ես կատարյալ անել:
Շնորհակալություն լրագրողական համայնքի գործընկերներիս՝ տասնամյակների համագործակցության, փոխըմբռնման, փոխվստահության համար:
Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր:
Շնորհակալության հետ ակնկալում եմ նաև բոլորի ներողամտությունը անխուսափելի թերացումների ու բացթողումների համար և բոլորիդ՝ քաղաքացիներին, ծառայակիցներիս, ընկերներիս, մաղթում մեր ընդհանուր գործի ազնիվ շարունակություն ու գնահատված ընթացք: Շարունակեք ապրել ու գործել ոչ հանուն ես-ի, այլ հանուն մենք-ի»,- գրել է Ահարոնյանը: