Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կստեղծվի Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մոնիտորինգային այցերի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Նրանք շրջել են գերազանցության կենտրոնի համար հատկացված տարածքում, որտեղ տեղակայվելու են գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիա՝ AgrobotLAB, ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ և աշխատասենյակներ: Բուհի ներկայացուցիչների հավաստմամբ՝ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև ծրագրի ընթացիկ փուլի ավարտը։
Ծրագրի պատասխանատուները վստահ են՝ կենտրոնի ստեղծումը կնպաստի ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահեն կրթության իրականացմանը: Դա քայլ առաջ կլինի դեպի ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդումը, կրթահետազոտական մակարդակի բարելավումը, դեպի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, ինչպես նաև խթան կհանդիսանա դասավանդման նոր մեթոդների ներդրման, ուսանողի մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման առումով:
Լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակում իրականացվել է այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու և Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու նպատակով։
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ) աջակցում է ՀԱԱՀ-ին՝ զարգացնելու գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ոլորտը։ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) աջակցում է կրթական ու ձեռնարկատիրական ծրագրերի կազմակերպման շրջանակում, որը հնարավորություն կտա լաբորատորիայի շահառուներին մշակել և ներկայացնել նորարարական գաղափարներ, ստեղծել ստարտափներ և փորձել իրենց գաղափարներն առևտրայնացնել։
«Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերությունն իրականացնում է խորհրդատվություն ռոբոտատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) նախագծման, տեղեկատվական և գիտատեխնիկական տեխնոլոգիաների, արդյունաբերական ռոբոտների, ղեկավարման համակարգերի մշակման վերաբերյալ, ինչպես նաև աջակցում է ծրագրի շրջանակում ստեղծվող և ներդրվող «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ-ի մշակման գործընթացին:
Նշենք, որ գերազանցության կենտրոնում հետագայում կստեղծվեն նախադրյալներ գյուղատնտեսական ռոբոտների արտադրության համար, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը։