Գերմանիայի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել խորհրդարանի երկու նախկին պատգամավորի դեմ, որոնք կասկածվում են Եվրոպայի խորհրդում Բաքվի օգտին քվեարկելու դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալու համար, գրում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP):
Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները եղել են ԵԽԽՎ անդամներ և ներգրավված են եղել «Ադրբեջանական լվացքատան» մեջ:
OCCRP-ն հայտնում է, որ Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հիմնադրամը, որպեսզի անվճար ուղևորություններ և թանկարժեք նվերներ առաջարկի եվրոպացի պատգամավորներին, որոնք պետք է քվեարկեին Բաքվի օգտին և ազդեցություն ունենային ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում ադրբեջանամետ ձևակերպումների վրա:
Մյունխենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել նաև Էդուարդ Լինթների որդուն, որն օգնել է փոխանցումներ կատարել, ինչպես նաև «Lintner and Strenz» ընկերության նախկին աշխատակցին: Մյունխենի դատախազությունը հետաքննություն է վարում նաև Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Էլխան Սուլեյմանովի նկատմամբ, որը ղեկավարել է Բաքվում տեղակայված ՀԿ-ն, որի միջոցով իրականացվել են վճարումները: Նաև ենթադրվում է, որ հենց նա է հավաքագրել Ֆիշերին։