Հունվարի 29-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում հայաստանյան ներկայացուցչությունից:
«Շնորհավորելով Թեոդորոս Ռուսոպուլոսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԽԽՎ-ին` Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման կարևոր առաքելության գործում։
Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։
Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում անցկացված քննարկումներին և ընդունված որոշումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։