Ուժգորոդ քաղաքում սկսվել են Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի ու Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի միջև բանակցությունները՝ երկու երկրի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցությունների նախապատրաստման հարցը։ Երմակը Telegram-ի իր ալիքում գրել է, որ աշխատում են հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է անկեղծ և կառուցողական երկխոսություն», Կիևը պատրաստ է դրան։
Մինչև Ուժգորոդի հանդիպումը, Հունգարիայի արտգործնախարարը սահմանամերձ Զախոն քաղաքում Ուկրաինայի Անդրկարպատյան շրջանի վարչակազմի նախագահ Վիկտոր Միկիտայի հետ քննարկել է այնտեղ բնակվող հունգար փոքրամասնության իրավունքների պաշտպանության խնդիրը։
Բուդապեշտը Կիևից պահանջում է Անդրկարպատներում հունգար փոքրամասնության իրավունքների վերականգնում և նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում չի աջակցի Ուկրաինայի եվրաինտեգրմանը։ Դեկտեմբերի 8-ին Գերագույն ռադան օրենք է ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Փաստաթուղթը նախատեսում է մի շարք լեզվական սահմանափակումների վերացում այն ազգային փոքրամասնությունների համար, որոնք օգտագործում են Եվրամիության պաշտոնական լեզուները։ Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ կհետևի, թե ինչպես է օրենքը կիրառվում գործնականում:
Բուդապեշտը ներկայումս արգելափակում է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ որոշումների մեծ մասը, ներառյալ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության ութերորդ տրանշը, 2024 թվականին 5 միլիարդ եվրո ռազմական աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, չորս տարվա համար 20 միլիարդ ռազմական օգնության ավելի լայն փաթեթը, ինչպես նաև 2024-2027 թվականների համար 50 միլիարդ մակրոֆինանսական օգնությունը: