Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը:
ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԵՊԲՀ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Բուհի ներկայացուցիչները ներկայացրել են ՆՄՀ շրջանակում հիմնվող ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքները՝ ընդգծելով, որ լաբորատորիայի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն:
Այցի ընթացքում քննարկվել են դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Ներկաները փաստել են, որ կենտրոնի համար նախատեսված տարածքի ընտրությունն ամփոփման փուլում է. վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ընթացքում են նաև համակարգչային և հարակից տեխնիկայի, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման աշխատանքները:
Նշվել է, որ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակում իրականացվել է այց Շվեյցարիայի մի քանի համալսարանների նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: