Հունվարի 22-ին շրջաբերական է առաքվել վարչական շրջանների ղեկավարներին թենիսի կորտեր կառուցելու համար համապատասխան տարածք տրամադրելու մասին, որին ի պատասխան՝ որոշ վարչական շրջանների աշխատակազմեր՝ ի դեմս Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների, ներկայացրել են հստակ տարածքներ, իսկ մնացյալի մասով տարածքի համապատասխան ընտրության վերաբերյալ դեռ քննարկումներ են ընթանում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում թենիսի կորտ կառուցելու համար արդեն իսկ ընթանում են կորտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվիրելու նպատակով մրցույթ հայտարարելու համար տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքները»,- ասաց Գեղամյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշտեց՝ խոսքը «Մայր Հայաստանին» հարակից ավտոկայանման տարածքի մասի՞ն է՝ խոսքն ուղղելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին:
«Այո՛, Մայր Հայաստանի կողքի ավտոկայանատեղին, որտեղ մենք ֆուտբոլի դաշտ էինք որոշել կառուցել, բայց թենիսի կորտերի համար ավելի նպատակահարմար է, և շատ գեղեցիկ կլինի այնտեղ»,- ասաց Հովակիմյանը:
Ավինյանը հիշեցրեց, որ ֆուտբոլի մարզադաշտը չկառուցվեց, քանի որ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը այլ տարբերակներ էր առաջարկում:
«Հիմա նաև Կառավարության որոշում ենք շրջանառել, որով առաջարկում ենք՝ «Միկա» համալիրը մեր բալանս տեղափոխվի, որտեղ կկազմակերպենք համայնքային-սպորտային միավոր, որի կարիքը շատ ունենք»,- ասաց Ավինյանը: