Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Առաջիկայում շահագործման կհանձնվի Կամոյի դպրոցի [Արգենտինյան Հանրապետության] հարևանությամբ գտնվող գետնանցումի վերելակը, այսօրվանից էլ գործընթացը կմեկնարկի Կոմիտասի շուկայի մոտակայքի գետնանցումում: Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև «Կիլիկիա» ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի՝ վարչական շենքի, «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում:
«Վերելակների սպասարկման երկարաժամկետ լուծում է պետք: Կամ մենք ծառայություն պետք է գնենք, որը ենթադրում է գետնանցումները մաքուր պահել, վերելակներին հետևել, կամ, այսպես ասած, մասնավոր-համայնք համագործակցության տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք, բայց այդ դեպքում էլ գետնանցումները չպետք է դարձնել կրպակների շարք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ տեղադրվածներն աշխատո՞ւմ են, Գեղամյանն ասաց, որ Փակ շուկայի հարևանությամբ եղել են մի քանի անգամ անսարքություններ, որոնք մեկ օրվա կտրվածքով վերականգնվել են:
«Դեպք է եղել, որ ֆիզիկապես վնասել են, դեպք է եղել՝ ոչ ճիշտ օգտագործման կանոններով օգտագործելուց կանգնել է վերելակը, բայց շտկել են արդեն»,- ասաց Գեղամյանը: