Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Քաղաքապետին զեկուցվեց, որ երեք վթարային շենքերում ապրող 63 ընտանիքից 57-ի հարցն արդեն կարգավորվել է, 30 ընտանիքի հատկացվել են բնակարաններ, 27-ին` բնակարանի գնման վկայագրեր, մնացած` 6 ընտանիքի հետ կա որոշակի աշխատանք անելու խնդիր. վերջիններս ներկայացրել են ոչ իրատեսական առաջարկներ, աշխատանքները շարունակվում են:
«Սա կարևոր արձանագրում է, քանի որ 4-րդ կարգի վթարային շենքում բնակվող միանգամից 57 ընտանիքի խնդիր ենք լուծել, և լուծել ենք մեկ տարուց պակաս ժամկետում, հաջորդ փուլով ունենք Արզումանյանի և մնացած 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրները»,- ասաց քաղաքապետը: