Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է:
Տոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Երազի իմ երկիր հայրենի» խորագիրը:
1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:
Քիչ ավելի ուշ հիմնվեց պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: