Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Ռիո Գրանդե գետի երկայնքով Մեքսիկայի հետ սահմանի հատված։ Նահանգի իշխանությունը մեղադրում է ԱՄՆ վարչակազմին սահմանը պատշաճ կերպով չպահպանելու համար, ինչի հետևանքով անօրինական միգրանտների թիվն աճել է։
Հունվարի 22-ին, սակայն, ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անցկացված 48 կմ երկարությամբ ցանկապատը պետք է հեռացվի: Տեխասի ղեկավար Գրեգ Էբոթը, իր հերթին, նախազգուշացրել է՝ սահմանային վերահսկողության համար պատրաստ են կոնֆլիկտի մեջ մտնել դաշնային իշխանությունների հետ և շարունակել պատնեշներ կառուցել:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահը միգրացիոն ավելի խիստ քաղաքականություն կորդեգրի: Ավելի վաղ Էբոթին աջակցության մասին էին հայտնել Դոնալդ Թրամփը, ինչպես նաև հանրապետական 20-ից ավելի նահանգապետ։ Որոշ նահանգներ պատրաստակամություն են հայտնել Ազգային գվարդիայի մարտիկներ ուղարկել Տեխաս:
Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել, որ Տեխասի իշխանությունը սրում է ճգնաժամային իրավիճակը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։
Reuters-ն էլ գրում է, որ հանրապետականները փորձում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անվտանգության ապահովման նոր քաղաքականություն պարտադրել և այդ նպատակին հասնելու համար արգելափակում են Ուկրաինային արտակարգ ֆինանսավորման մասին Սպիտակ տան պահանջը: