ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային 23 միլիարդ դոլարի F-16 կործանիչների, արդիականացման լրակազմերի և այլ համակարգերի հնարավոր վաճառքը: Պենտագոնի տվյալով՝ Անկարան նախկինում խնդրել է 40 նոր F-16-եր տրամադրել, թույլ տալ արդիականացնել թուրքական կողմի մոտ առկա 79 կործանիչը, ինչպես նաև ձեռք բերել պահեստամասեր և տարբեր համակարգեր։
Նշվում է, որ հնարավոր վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդուժի կարողությունները: ԱՄՆ վարչակազմն այդ որոշման մասին արդեն տեղեկացրել է Կոնգրեսին, որն ունի 30 օր՝ հնարավոր գործարքը վերանայելու կամ արգելափակելու համար:
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհամաձայնի Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրմանը, եթե Վաշինգտոնը F-16-եր վաճառի Թուրքիային: