Հունվարի 27-ին՝ ժամը 15։06-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները ճանշինի հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են քարային զանգվածը։
Ժամը 16։02-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։