Արգենտինայի խոշորագույն արհմիությունը ցույցեր է կազմակերպել և 12-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ընդդեմ երկրի նոր կառավարության տնտեսական և սոցիալական բարեփոխումների, որը ղեկավարում է նախագահ Խավիեր Միլեյը։ Ցուցարարները դեմ են տնտեսական ապակարգավորմանը, ինչը, նրանց համոզմամբ, բացասաբար կանդրադառնա տարբեր ոլորտների բազմաթիվ աշխատողների վրա։
Ցույցերի ժամանակ մասնակիցները փակել են փողոցները, իսկ տեղական ավիաընկերությունները չեղարկել են հարյուրավոր չվերթեր ամբողջ երկրում: Բացի այդ, CGT արհմիությունը, որը համակարգում է բողոքի ակցիան, փորձում է դատական ճանապարհով հասնել բարեփոխումների տապալմանը։ Ընդհանուր առմամբ, ցույցերին մասնակցում է ավելի քան տասը հազար մարդ։
Կառավարության ներկայացրած միջոցառումներից են դոլար-պեսո պաշտոնական փոխարժեքի կրկնակի բարձրացումը (հետագայում այն աստիճանաբար կավելանա, մինչև հասնի շուկայական փոխարժեքին), մարզերի սուբսիդիաների վերացումը, հանրային աշխատանքների նոր նախագծերի չեղարկումը և այլն։ Էկոնոմիկայի նոր նախարար Լուի Կապուտոն ասել է, որ բարեփոխումը կոչված է նվազեցնելու հիպերինֆլյացիան: Միաժամանակ նա ասել է, որ մոտ ապագայում իրավիճակը Արգենտինայում «կվատանա»։