ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարևորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում:
Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետևում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը և հետաքրքրված են մեր երկրում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ:
Ղազախստանից ժամանած գործարարները նաև պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով և գիտելիքներով:
Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է և՛ բնակարանաշինությունը, և՛ ենթակառուցվածքները, հնարավոր համարել հոլդինգի հետ համագործակցությունը:
Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: