Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ դադարեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայի հատվածում, ասել է, որ իր երկիրը գործում է միջազգային իրավունքին համապատասխան՝ ապահովելով իր բնակչության պաշտպանությունը:
Նա նաև նշել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև այդ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը, կանի հնարավոր ամեն ինչ սեփական անվտանգությունն ապահովելու և Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
2023 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար։ Հարավաֆրիկյան Հանրապետությունն Իսրայելի իշխանություններին մեղադրել է Ցեղասպանության մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները խախտելու համար։