Վրաստանը միշտ կողմնակից է եղել, որ տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն: Այդ մասին Վրաստանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն անել այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը տարածաշրջանի բոլոր երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ: Մենք մեծ լավատեսությամբ և հույսի աչքով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը, և ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը, անխոս, կնպաստի խաղաղությանը, ինչը, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ կարևոր է մեր երկրների և մեր ազգերի համար»,- ասաց նա: