Հունվարի 25-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Շիրակի պետական համալսարանում Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հանդիպում-քննարկում են անցկացրել քաղաքացիների և մարզի ոստիկանների հետ։
«Փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ Քրեական ոստիկանությունում կարողանան աշխատանքի անցնել ոչ միայն փորձառու ոստիկաններ, որոնք տարիներ շարունակ իրենց ուրույն ներդրումն են ունեցել Քրեական ոստիկանության և, առհասարակ, ոստիկանության զարգացման գործում, այլ նաև քաղաքացիական անձինք, որոնք նոր շունչ կբերեն Քրեական ոստիկանություն և, իրենց գիտելիքն ու կենսափորձը համատեղելով գործող ոստիկանների կենսափորձի և գիտելիքների հետ, համատեղ ուժերով դրական արդյունքներ կգրանցեն Քրեական ոստիկանության ոլորտում»,-նշել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը կարևորել է ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացում հասարակության բոլոր անդամների ներառականության և հասանելիության ապահովումը։
Նա նշել է, որ հանրային անվտանգության ապահովումը բոլորիս պատասխանատվության դաշտում է, մի դեպքում՝ քաղաքացիների, որոնք հետևում են օրենքներին, օրինահարգ են, մյուս դեպքում՝ իրավապահների, որոնք ծառայության բերումով են ապահովում հանրային անվտանգությունը:
Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական ոստիկանության վերափոխման շրջանակում ընդունելության համար սահմանված մրցութային տեղերի 20 տոկոսը կին դիմորդներին հատկացնելուն՝ որպես օրինակ բերելով պարեկային կարգախմբերում կանանց ներգրավվածության և նրանց արդյունավետ ծառայության փորձը։
ՆԳ փոխնախարարը ներկայացրել է ընդունելության կարգի և սահմանված չափորոշիչների վերաբերյալ մանրամասներ՝ անդրադառնալով քաղաքացիների և ծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման, սոցիալական երաշխիքներին վերաբերող հարցերին։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության կառուցվածքը՝ անդրադառնալով ճյուղային ուղղությունների գործունեությանը, ապագա քրեական ոստիկանների՝ հանցագործությունների բացահայտման հատուկ մտածողությանն ու կարողությունների զարգացմանը։
Նա իր խոսքում ընդգծել է, որ ընդունելության ներկա փուլը բացառիկ հնարավորություն է տալիս քաղաքացիներին՝ միանալու նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը, քանի որ հաջորդիվ համալրումն իրականացվելու է մյուս ծառայություններից:
Հանդիպման ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին ՆԳ նախարարության կրթահամալիր ներկայացվող փաստաթղթերին, ընդունելության-մրցույթի ստուգումներին, նաև վերապատրաստումների անցկացման, ստացած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություններին։
Քրեական ոստիկանության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ընդունելություն-մրցույթի շրջանակներում քաղաքացիների ու ոստիկանների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացվում նաև հանրապետության այլ մարզերում:
Քրեական ոստիկանություն ընդունելության համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում փետրվարի 1-ը ներառյալ։