ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները պատերազմ են հայտարարել ապօրինի ներգաղթյալներին։ Նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգի տարածք ապօրինի մուտք գործելն ընկալվում է որպես ներխուժում: Տեխասի կառավարությունը հայտարարել է «Միայնակ աստղ» գործողություն սկսելու մասին՝ անօրինական միգրացիան զսպելու համար:
Ոստիկանությունն ու Տեխասի ազգային գվարդիան սկսել են պետական սահմանի երկայնքով վերակառուցել փշալարերով ցանկապատերը, որոնք նախկինում ապամոնտաժվել էին երկրի Գերագույն դատարանի որոշմամբ: ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 22-ին վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Բայդենի վարչակազմի՝ թույլատրելով Դաշնային միգրացիոն ծառայության գործակալներին քանդել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով Տեխասի իշխանությունների կամայականորեն տեղադրած մետաղական ցանկապատերը։
Նահանգապետ Էբոթը հայտարարել է ինքնապաշտպանության իրավունքից օգտվելու մտադրության մասին և ընդգծել, որ Տեխասը կպաշտպանվի առանց դաշնային իշխանությունների օգնության։ Տեղի ազգային գվարդիան կամավորներ է հավաքագրում սահմանները պահպանելու համար։
Տեխասին աջակցություն է հայտնել 25 նահանգ։ Վաշինգտոնն իր հերթին կոչ է արել նահանգի ղեկավարությանը լրացուցիչ միջոցներ չձեռնարկել սահմաններին։