Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր՝ այս մասին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է, և արտացոլում է մեր ընդհանրությունները և մեր նպատակասլացությունը:
Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում»,- ասաց նա:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը պատմականորեն «շատ հզոր» դաշնակիցներ են, և ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամներ՝ ունենալով համագործակցություն բոլոր ուղղություններով:
«Մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ, այսօր արդեն կարելի է ասել՝ այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Թենգիզ Նասարիձեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տամիլա Բարկալաիան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: