Գազայում տիրող հումանիտար իրավիճակը չի կարող ընդունելի լինել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում։ Այդ մասին իր բլոգում հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Հունվարի 22-ին Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարների հետ մեր հանդիպման ժամանակ, ես, ինչպես նաև ԵՄ բոլոր արտաքին գործերի նախարարները, ևս մեկ անգամ խստորեն դատապարտեցինք հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի իրականացրած վայրագությունները: Սակայն Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի գին լինել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի համար»,- գրել է նա։
Բորելն ընդգծել է, որ «նաև մարդասիրական օգնությունը չի կարող քաղաքական բանակցությունների թեմա լինել»։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ «Հորդանանի Արևմտյան ափին վերաբնակիչների կողմից բռնության աննախադեպ մակարդակն ու բնակավայրերի ընդլայնումը սպառնում և ոչնչացնում են պաղեստինյան համայնքներն ու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրերը: Մենք կրկին խնդրել ենք Իսրայելի նախարարին դադարեցնել միջազգային և մարդասիրական իրավունքը խախտող այս պրակտիկան»,- ասել է նա: