ՇՄՆ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում՝ նշելով, որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։ Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է։
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի, այդ թվում՝ սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։
Համաձայն դիտակետերի դիտարկումների տվյալների՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։ Հունվարի 26-ի դրությամբ՝ այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ, կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։
Եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի:
Սկսած 1890 թվականից՝ լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակատատվածով)՝ 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40 սմ։
Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007 թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։
Ըստ դիտարկումների պատմական տվյալների՝ ամենաշուտ Սևանա լիճը սառել է 2008 թ. հունվարի 16-ին, իսկ ամենաուշ՝ 1959 թ. փետրվարի 28-ին։ Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թ․` 72 օր։
Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2 մլն խմ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը, և ջրում պակասում է թթվածնի քանակությունը: