ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Վերջին տարիներին մենք ավելի և ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին և ազատազրկումներին, և այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսևորումներ: Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե՛ Փարիզում, թե՛ Ստրասբուրգում: Շնորհավորում եմ զեկուցողներին հիանալի զեկույցների համար:
Թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ այսօր, ես շարունակաբար մտածում եմ` ինչպե՞ս մենք` որպես մարդու իրավունքները հիմքում ունեցող առաջատար կառույց, կարող ենք պաշտպանել ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն է ազատ խոսքի, ազատ կամարտահայտման, լրագրողների` իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու միակ պաշտպանը և երաշխիքը: Մենք, պարբերաբար, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, բախվում ենք մի շարք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ, որոնք շատ հաճախ դրական շարժառիթներով կարող են բացասական հետևանքներ առաջացնել: Նման քննարկումներ ունեցանք այս շաբաթ մեր հանձնաժողովում, երբ քննարկում էինք խոսքի ազատության և պրոպագանդայի միջև անցնող շատ նուրբ սահմանը, ու քննարկում էինք, որ կամարտահայտմամբ բոլոր ձևերը կարող են տարբեր պետություններում տարբեր դրսևորումներ ունենալ:
Ես հարց եմ ուղղում ինքս ինձ` արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ավանդական ուսուցումը չի բավարարում հաղթահարելու այսօրվա մարտահրավերները, արդյոք դպրոցի շրջանավարտն ունի՞ բավարար մեդիագրագիտություն` տարբերելու իրականը կեղծիքից, որտե՞ղ ենք մենք ձախողում թե՛ որպես կառույց, թե՛ ազգային մակարդակով»,- ասել է Սոնա Ղազարյանը: