Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, դեպի Թուրքիա իրանական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման և այլ ոլորտներում շփումների զարգացման հարցեր: Անդրադարձ է եղել Թուրքմենստանի, Իրանի ու Թուրքիայի միջև գազի սվոփ մատակարարումների, Խոյ-Վան էլեկտրահաղորդման գծում 200 մլն դոլարով թուրքական ներդրումների ավելացմանը: Կողմերը գործակցության վերաբերյալ 10 փաստաթուղթ են ստորագրել:
Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ ունեն: Նրա խոսքով՝ առևտրաշրջանառության ծավալները հարկավոր է հասցնել 30 մլրդ դոլարի: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում իրադրությանը, Գազայի հատվածում զարգացումները, շեշտել, որ հարգում են Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին:
«Կողմերն ընդգծել են Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, տարածաշրջանային «3+3» ձևաչափը գնահատել են որպես անդամ երկրների միջև կառուցողական գործակցության ու երկխոսության համար ընդունելի հարթակ»,- նշված է երկկողմ հայտարարության մեջ:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: