Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պատգամավորներ Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը և Արփինե Վարդանյանն այսօր ընդունել են Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ Դեյվիդ Ուայսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Արման Եղոյանը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությունում: Պատգամավորի խոսքով առաքելությունը կարևոր անվտանգային գործառույթ է իրականացնում Հայաստանի համար:
Հանձնաժողովի նախագահը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, կարևորել ԵՄ անդամ երկրների, այդ թվում` Լյուքսեմբուրգի դերակատարությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Պատգամավորը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դեյվիդ Ուայսը նշել է, որ Լյուքսեմբուրգի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն:
«Ողջունելի է, որ արդեն Հայաստանում ունենք հավատարմագրված դեսպան. դա ցույց է տալիս մեր հանձնառությունը` զարգացնելու քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,- ընդգծել է հյուրը:
Նա տեղեկացրել է, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և տեղեկացված են մարտահրավերների մասին: Կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Լյուքսեմբուրգի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա շատ կոնկրետ ու հասկանալի առաջարկ է և իրենք աջակցում են դրա իրականացմանը:
Դեյվիդ Ուայսը նաև նշել է, որ Լյուքսեմբուրգն ամբողջովին աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանը կարող է ապավինել Լյուքսեմբուրգի աջակցությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են թե՛ խորհրդարանական մակարդակում, թե՛ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին: