ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.
«Շնորհակալություն, տիկին նախագահ:
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք նախ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստատիուին խոշտանգումների դեմ պայքարի բոլոր արդիական հարցերն արտացոլող և այդ առումով մեր կազմակերպության հիմնական ռազմավարական խնդիրներին անդրադարձող փայլուն զեկույցի կապակցությամբ:
Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված և անբարոյական. սրանք ածականներ են, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումները որպես ընդհանուր միջազգային իրավունքի կողմից տևական ժամանակ որպես արգելված երևույթ նկարագրելու համար:
Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Ունենալով jus cogens արգելքի կարգավիճակ՝ ընդհանուր միջազգային իրավունքն այն համարում է բացարձակ արգելք՝ առանց որևէ հնարավոր շեղումների և ընդունելի արդարացումների:
Անկեղծ ասած, ես առաջին անգամ կարդացի բանաձևի նախագիծ, որտեղ բախվեցի որոշ փաստական հանգամանքների, որոնք ինձ ստիպեցին մտածել, որ սխալվել եմ և կարդացել եմ ոչ թե ժամանակակից, այլ միջնադարից ինձ հասած մի փաստաթուղթ:
Հնարավո՞ր է արդյոք, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մեր կազմակերպության անդամ պետություններում տեղի են ունենում խոշտանգումների նման դրսևորումներ:
Տիկնայք և պարոնայք, խոշտանգումների բացարձակ արգելքը պարզապես իրավական հրամայական չէ, այն բարոյական պարտավորություն է, որը սահմանում է մեր քաղաքակրթությունը, մեր բարեկեցությունը, մեր կազմակերպությունը: Եվ, հետևաբար, խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը մեր վեհաժողովի համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Չնայած համընդհանուր և եվրոպական մակարդակում խոշտանգումների բացարձակ արգելքի վերաբերյալ անթիվ միջազգային փաստաթղթերի առկայության՝ խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ հիշեցնելով մեզ շարունակական զգոնության և քարոզչության անհրաժեշտության մասին:
Մենք միամտորեն չենք հավատում, որ խոշտանգումները, որպես սոցիալական երևույթ, իսպառ կվերացվեն: Խնդիրը ոչ թե խոշտանգման երևույթի մեջ է, այլ ավելի շուտ ընդունված միջազգային պարտավորությունների և գործնականում դրանց կատարման միջև գոյություն ունեցող անջրպետի: Մենք պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ, որը գլխավոր մարտահրավերներից մեկն է:
Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում խոշտանգումները սկսել են համատարած կամ համակարգված կիրառում գտնել հալածյալ որոշակի խմբերի ճնշելու համար, ինչը հավասարազոր է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններին:
Հարգելի՛ գործընկերներ,
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) Եվրոպայի խորհրդի շրջանակում խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային գործիքներից մեկն է, որի գործունեությունը պետք է հնարավորինս ընդլայնված աջակցություն գտնի ոչ միայն ազգային օրենսդրության մեջ վերջինիս ստանդարտները ներառելով, այլև ապահովելով դրանց լիարժեք իրականացումն ազգային մակարդակում:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի բոլոր ներկա և նախորդ զեկույցների ավտոմատ հրապարակումը կդառնար շահագրգիռ բոլոր երկրների բարի կամքի դրսևորում և կնպաստեր անպատժելիության ու խոշտանգումների մշակույթի վերացմանը:
Վերջապես, բայց ոչ պակաս կարևոր, մենք լիովին համաձայն ենք զեկուցողի հետ, որ թվայնացված դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեսանկարահանման և այլ տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա շատ արդյունավետ միջոց խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ու անպատժելիության մշակույթից հրաժարվելու համար:
Եկեք թվային դարաշրջանը դարձնենք առանց խոշտանգումների դարաշրջանի հոմանիշը:
Շնորհակալություն»: