ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների առաջին փուլի ընթացքին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 36-ն են:
Այցի ընթացքում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններում, հաջողություն մաղթել աշակերտներին և հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Նա աշակերտներին հարցրել է՝ ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն և բուհական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու հնարավորությունը դրակա՞ն են գնահատում, թե՞ բացասական: Ի պատասխան՝ աշակերտներն ասել են, որ այն իրենց համար լրացուցիչ հնարավորություն է և առավելապես հեշտացնում է քննություն հանձնելու գործընթացն ու բարձր արդյունքների ապահովումը:
Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են` հիմք ընդունելով սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների 1-ինից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն: Նույն կարգավորումը վերաբերում է նաև 10-րդ դասարանի սովորողներին, եթե նրանք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, առաջնությունների և փառատոների: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում դպրոցի սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
Գործընթացն իրականացվում է ԿԳ նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի 1507-Ն հրամանով: