Անցած շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խոր, տնտեսատեխնիկական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ և արդեն սկսել իրագործումը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «չոր նավահանգստի» մասով կատարված աշխատանքներին:
«Նաև քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնությունը, որ «չոր նավահանգիստը», որը համընկնում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիսարևմտյան հանգույցի հետ, ներդրվի հենց «Խաղաղության խաչմերուկի» ընդհանուր ծրագրի մեջ և ներկայանա որպես «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը»,- ասաց նախարարը:
Հարցին ի պատասխան՝ այս տարի քայլեր կձեռնարկվե՞ն այդ ուղղությամբ, Քերոբյանը հաստատեց՝ կձեռնարկվեն: «Մենք արդեն ճանապարհային քարտեզը շրջանառության մեջ ենք դնում, որը, ի դեպ, կազմում էր տեխնիկատնտեսական վերլուծության մաս, և զուգահեռ արդեն անում ենք տարբեր աշխատանքներ, այսինքն՝ ներգրավել գործարքի համար խորհրդատվական ընկերություն, կազմել մրցութային փաթեթը և արդեն աշխատել ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»: