«Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մեկ բաղադրիչ ավելացնել, որը կնպաստի ընկերությունների թվայնացմանը: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 25-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը նախ ներկայացրեց «նախարարության գլխավոր տնտեսական ծրագրի» ընդունված բաղադրիչներով արդեն իսկ գրանցված արդյունքները:
«Մոտավորապես 1,5 տարվա աշխատանքից հետո ունենք 3590 ընկերություն, որոնք օգտվել են ծրագրից և թարմացրել են իրենց սարքավորումները, հոսքագծերը, գործարանները: Տեխնիկան 207 միլիարդ դրամի է, որը 500 միլիոն դոլարից ավելի մեծ գումար է կազմում: Մեր կարծիքով՝ սա շատ մեծ ինտերվենցիա է մեր ընկերությունների աշխատանքում, որպեսզի օգնենք՝ բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը»,- ասաց նախարարը:
Ըստ Քերոբյանի՝ այս պահի դրությամբ աջակցության ծավալի մոտավորապես 45 տոկոսը վերցրել է իր վրա մշակող արդյունաբերությունը, շինարարության ոլորտում գրանցվել են 47 միլիարդի ներդրումներ, նաև առողջապահության ոլորտի ընկերություններն են բավականին արագ թարմացնում իրենց սարքավորումները:
Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսվում էր բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ: Այս մասով 28 ընկերությունում ներգրավվել է 367 մասնագետ: Սուբսիդավորվում է նրանց 3 տարվա աշխատավարձի 20, 50 կամ 70 տոկոսը:
«Հիմա մենք ավելացնում ենք երրորդ բաղադրիչը, որն ուղղված է ընկերությունների թվայնացմանը: Այսօր ընկերությունների 90 տոկոսից ավելին թվային առումով հասուն չէ, և մենք այս գործիքով փորձում ենք ընկերություններին օգնել դառնալ թվային ընկերություններ, այսինքն՝ արդիականացնել, թվայնացնել իրենց պրոցեսները»,- ասաց նախարարը, ապա պարզաբանեց, որ ծրագրի շրջանակում նախատեսված է 3 բաղադրիչ:
Նախ տրամադրվում է խորհրդատվության համար սուբսիդավորվող վարկ, որպեսզի ընկերությունները թվայնացման գործընթացի ընթացքում ձեռք բերեն որակյալ խորհրդատվություն: Երկրորդ՝ բուն թվայնացման պրոցեսի համար վարկի տեսքով սուբսիդավորվում են թվայնացման ներդրումները: Երրորդ՝ հաջողության պարագայում, երբ ընկերությունները գրանցում են միանգամից 2 արդյունք, այն է՝ ներդնում են որակի կառավարման և թվայնացման ստանդարտներ ու ստանում են այդ ստանդարտները, ինչպես նաև արդյունք են ստանում արտահանման դիվերսիֆիկացիայի մասով:
«Այս երկու հաջողությունների պարագայում մենք իրենց խորհրդատվության համար տրամադրված գումարի վարկի կեսը դրամաշնորհի տեսքով հետ ենք փոխանցում՝ որպես «շնորհակալություն» իրենց հաջող անցկացրած գործընթացի համար»,- ասաց Քերոբյանը:
Տնտեսական արդիականացման ծրագիրը հանրության շրջանում հայտնի է որպես լիզինգի ծրագիր՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այն ներդրվել է քովիդի շրջանում: Ըստ վարչապետի՝ այժմ այն նոր, ժամանակակից, բարձր որակի բեռնատարներն ու շինտեխնիկան, որ տեսնում ենք ճանապարհներին կամ շինհրապարակներում, այս ծրագրի գործունեության արդյունքն է:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ ծրագիրը շարունակաբար օգուտներ է բերում ՀՀ-ին: Օրինակ՝ «շինարարության բումը» նաև այս որոշման արդյունքում է տեղի ունեցել, և որ սա «հարստացրո՛ւ և հարստացի՛ր» բանաձևի գործնական օրինակ է:
Քերոբյանը ևս ընդգծեց, որ ծրագիրը փող աշխատող ծրագիր է. «Մենք վերլուծել ենք այն ընկերությունների պահվածքը, որոնք օգտվել են ծրագրից, և տեսել ենք, որ նրանք 2023-ի առաջին 9 ամիսներին 32 տոկոսով ավելի հարկ են վճարել, քան 2022 թվականին են վճարել, այն դեպքում, երբ մյուս ընկերությունները 15 տոկոսով են ավելի վճարել: Ավելի վճարած վարկը ավելին է, քան մեր կողմից այս վարկերի սուբսիդավորման ամբողջ գումարը: Այսինքն՝ մենք ընկերություններում ներդնում ենք X, իսկ նրանք ավելի վճարած հարկերի տեսքով վերադարձնում են X և մի բան էլ ավելի»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ ծրագիրը նաև էներգախնայողության մանդատ ունի, քանի որ այն սարքավորումները, որոնք լիզինգով ներմուծվում են, փոխարինում են այն սարքավորումներին, որոնք էներգախնայողութան տեսանկյունից անթույլատրելի են իրենց ստանդարտներով: